ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Տո, ա՛յ ով իմ տիրակալ

Տո, ա՛յ ով իմ տիրակալ
11.09.2009 | 00:00

ԹԵ՛ՐԹ ԿԱՐԴԱՑԵՔ, ԹԵ՛ՐԹ
Դավից անտեղյակ, ցավին անհաղորդ Ջերմուկի քաղաքապետից «Իրավունքը de facto»-ն փորձեց ճշտել` ինչպե՞ս է քաղաքապետարանը տնօրինել մոծակների դեմ կառավարության հատկացրած 19 մլն դրամը, պայքարի ո՞ր փուլին են հասել, ինչքանն են ծախսել` «ումով», ինչքանն է մնացել, մանավանդ որ եղանակներն ամենևին «մոծակային» չէին Ջերմուկում. ահավոր ցուրտ էր, և խեղճ մոծակները դժվար իրենց թևով ու պորտով ցանկություն ունենային մոծակահարելու:
Ճոպանուղու մերձակայքում «սիֆտակ մարոժնի» համադամվող քաղաքապետը, նախ, այլմոլորակային տեսածի հայացքով «դիտեց», զննեց մեզ, չկարևորեց հարցադրումը, ապա նույն համաբարբառով, թե` «որ թերթից, որ թերթի՞ց»:
Հավուր պատշաճի և դեռ հոտնկայս ներկայացանք, գլուխ խոնարհեցինք, նույնքան խոնարհ սպասեցինք, որ պարոնը կուլ տա համադամի հաջորդ պատառը և ողորմածաբար պատասխանի քաղաքին առնչվող հարցադրմանը:
-Ո՛չ Ձեր անունը լսած կամ, ո՛չ էլ Ձեր թերթի։ Առաջին անգամ եմ լսում:
Ո՛վ, այ իմ տիրակալ, ասացինք նրան, երկու շաբաթ առաջ նույն թերթում այդ առնչությամբ ձեր առջև կանգնած նվաստս նյութ է գրել և հիմա ցանկանում է իմանալ` ո՞նց խարջվեց մոծակի փողը, և ընդհանրապես` «ո՞նց էր համը մեր ձագի», իմա` մոծակի:
Մի խոսքով, պարոն քաղաքապետը հոդվածը չէր կարդացել, ինչ-որ մեկը, որը մեր թերթին ներկայացել էր որպես նման հարցերի ջերմուկյան «պատասխանատու», հեռավոր ձևով պատմել էր, թե ինչ-որ թերթից ինչ-որ հալ ու հարցմունք է եղել մոծակների հաշվով:
-Հոտ չե՞ք առնում,- մեկ էլ ու... անսպասելի հարցադրում արեց քաղաքապետը:
Չէինք առնում: Ոչ մի հոտ: Բացարձակապես: «Պիտի առնեի՞նք»,- հակադարձեցինք:
-Այո՛, սա մոծակի դեղի հոտն է,-ասաց ու սկսեց անտեսանելի հոտերը ներս քաշել, ինքն իրեն ճշտելով,- հա՜, մոծակինն է:
-Ներեցեք, իսկ չե՞ք կարծում, որ Ջերմուկի նման շահույթ ունեցող քաղաքին այնքան էլ նպատակահարմար չէր տնտեսական այս ճգնաժամի պայմաններում 53 հազար դոլար փող տալը, որ Ջերմուկն էլ վերցներ ու... հոտ քաշեր նրանից։ Նախ, դուրս է գալիս` երկակի ստանդարտներ են կիրառվում, որովհետև հանրապետության մնացած հանգստյան գոտիներում, է՛լ առավել ճահճացող Սևանում, մոծակի «դեղի հոտ» քաշելու անհրաժեշտությունը նույնքան կարևոր ու հրատապ է, և արդար կլիներ, որ իսկապես զարգացում արձանագրող Ջերմուկն ասեր` չեմ ուզում, «ախպեր», ինքս կլուծեմ իմ հարցերը:
Պարոն քաղաքապետը հասկացավ, որ այնքան էլ այլմոլորակային չենք, ասաց.
-Ամեն տարի էլ մեզ էդ փողը տվել են: Համ էլ քաղաքապետարանը ոչ մի կապ չունի էդ փողերի հետ, դիմեք գյուղատնտեսության նախարարություն:
Վարչապետն էր ասել` էդ հարցով դիմեք Ջերմուկի քաղաքապետին, թե չէ մե՞զ ինչ` ինչ գույնի «մարոժնի» է ուտում Ջերմուկի քաղաքապետը, ինչ հոտ է առնում, ինչ է կարդում ու էլ առավել` չի կարդում:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2088

Մեկնաբանություններ